Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների ֆոնին՝ Մակրոնին տեսանկարահանել են Էլթոն Ջոնի համերգին զվարճանալիս (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նկատել են բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի հրաժեշտի շրջագայության շրջանակում համերգի ժամանակ պարելիս՝ մինչև բողոքող ցուցարարները երրորդ օրն անընդմեջ դուրս են եկել փողոցներ՝ կոտրելով ապակիներ, հրկիզելով մեքենաներ, բախվելով ոստիկանների հետ և հրահրելով զանգվածային անկարգություններ:
Ինչպես գրել է Daily Mail-ը, «մինչ Ֆրանսիան այրվում է, Մակրոնը զվարճանում է Էլթոն Ջոնի համերգին»:
Ֆրանսիայի նախագահին երեկ երեկոյան նկարահանել են Փարիզի «Աքոր Արենա» մարզադաշտում՝ երգչի համերգին հետևելիս:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերին մասնակցել է 6200 մարդ։ Անկարգությունների արդյունքում բերման է ենթարկվել 421 մարդ, հայտնում է BFM հեռուստաալիքը։
Մասնավորապես, Փարիզի կենտրոնում գտնվող Les Halles թաղամասում խանութի թալանից հետո 14 մարդ է բերման ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում առնվազն 242 մարդ է բերման ենթարկվել։ Կլամար, Կոմպիեն և Նոյ-սյուր-Մարն քաղաքներում, ինչպես նաև Ուազ դեպարտամենտում գիշերը պարետային ժամ է մտցվել։
2005 թվականից ի վեր Ֆրանսիայում ամենախոշոր անկարգությունները սկսվել են երեք օր առաջ՝ Փարիզի Նանտեր արվարձանում և տարածվել այլ քաղաքներում։ Պատճառը 17-ամյա դեռահասի սպանությունն է. ոստիկանը տղային սպանել էր ճանապարհին ստուգման ժամանակ։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել։




























