Պուտինն ինչ-որ չափով թուլացել է. ժամանակն է, որ ԱՄՆ-ն փորձի միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հարցով. Թրամփ

11:53 • 30.06.23

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «որոշակիորեն թուլացել է» չհաջողված ապստամբության պատճառով, և այժմ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները փորձի միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները:

«Կարելի է ասել, որ Պուտինը դեռ այնտեղ է, նա դեռ ուժեղ է, բայց նա, անշուշտ, ես կասեի՝ ինչ-որ չափով թուլացել է», - նշել է Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի հարցում Թրամփը չի բացառել, որ Կիևի կառավարությունը կարող է որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի պատերազմը, որը սկսվել է 16 ամիս առաջ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմամբ։

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ այս ծիծաղելի պատերազմի պատճառով»,- ասել է Թրամփը։

«Կարծում եմ՝ ամենամեծ բանը, որ ԱՄՆ-ն պետք է անի այս պահին, խաղաղություն հաստատելն է՝ Ռուսաստանին և Ուկրաինային միավորելն ու խաղաղություն հաստատելը: Դուք կարող եք դա անել: Ժամանակն է երկու կողմերին միավորելու՝ խաղաղություն պարտադրելու համար»,- ասել է Թրամփը։

Ինչ վերաբերում է անցյալ մարտին միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի դեմ հարուցված ռազմական հանցագործության մեղադրանքներին, Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահի ճակատագիրը պետք է քննարկվի, երբ պատերազմն ավարտվի, «որովհետև հենց հիմա, եթե այդ թեման բարձրացնես, երբեք խաղաղություն չես հաստատի»։






Պուտինն ինչ-որ չափով թուլացել է. ժամանակն է, որ ԱՄՆ-ն փորձի միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հարցով. Թրամփ