Ֆրանսիայում ճգնաժամի ֆոնին Մակրոնը կհանդիպի բողոքի ցույցերից տուժած 220 բնակավայրերի և քաղաքների քաղաքապետների հետ

17:09 • 03.07.23

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրում զանգվածային անկարգությունների ֆոնին, կհանդիպի խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ:

Մակրոնը նաև կհանդիպի երեքշաբթի բողոքի ցույցերից տուժած 220 բնակավայրերի և քաղաքների քաղաքապետների հետ, ինչի մասին հայտնել են նրա գրասենյակից:

Նախագահը կիրակի պետք է պետական այցով մեկներ Գերմանիա, սակայն այցը չեղարկել է երկրում ճգնաժամի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը բերման է ենթարկվել 78 մարդ: Սա զգալիորեն փոքր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ։ Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են Լիոնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին։ Խռովարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Նախօրեին հաղորդվել էր 719 բերման ենթարկվածի մասին:

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանների կողմից Փարիզի արվարձան Նանտերի բնակիչ, 17-ամյա Նահելի սպանությունն էր։

Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։



Ֆրանսիայում ճգնաժամի ֆոնին Մակրոնը կհանդիպի բողոքի ցույցերից տուժած 220 բնակավայրերի և քաղաքների քաղաքապետների հետ