Հայաստանում հնարավոր երկրաշարժի գրանցման նախադրյալներ չկան, որոնք կարող են անհանգստացնել․ Սեյսմիկ ծառայության տնօրեն
Ադրբեջանի տարածքում գրանցված երկրաշարժը մեր տարածքից բավականին հեռու է և անհանգստանալու առիթ չկա։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Նրա խոսքով՝ մենք ապրում են սեյսմիկ ակտիվ գոտում, և երկրաշարժի գրանցումը բնական երևույթ է, հակառակը՝ շատ զարմանալի կլիներ, եթե սեյսմիկ ակտիվ գոտում երկրաշարժ չլիներ։
«Այս պահին հնարավոր երկրաշարժի գրանցման նախադրյալներ չկան, որոնք կարող են անհանգստացնել։ Իսկ գրանցվող երկրաշարժերը շատ թույլ են՝ միկրոերկրաշարժեր են»,- հայտնեց Մարգարյանը։
Իսկ Ադրբեջանում գրանցված երկրաշարժի վերաբերյալ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանն իր հերթին նշեց, որ այն գրանցվել է Կասպից ծովի տարածքում՝ ափից ոչ հեռու, Բաքվից շուրջ 200 կիլոմետր դեպի հյուսիս, իսկ Դերբենտից՝ 100 կիլոմետր հեռավորության վրա, բայց այն ավելի մոտ է Դաղստանի տարածքին։
«Այդ երկրաշարժը մեզ հետ, մեր տարածաշրջանի հետ որևէ առնչություն չունի, տարբեր սեյմոտեկտոնական կառուցվածներ են։ Մեր տարածքի հետ որևէ անմիջական ազդեցություն չունի այդ երկրաշարժը»,- մանրամասնեց սեյսմոլոգը՝ նշելով, որ անհանգստանալու առիթ չկա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցնցումներն եղել են ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններում։
Հավելենք, որ հուլիսի 4-ին երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստան-Վրաստան սահմանին՝ Շիրակի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։










