Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլիին վերադարձնելու՝ Ուկրաինայի պահանջը
Ուկրաինական իշխանությունների պահանջը՝ հանձնել հայրենիքում պատիժ կրող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, վրացական կողմի համար վիրավորական է։
Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի երեկվա քայլին, որ կապված էր Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ապա ես չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ այն պարզ պատճառով, որ դա վերաբերում է պատերազմող երկրի նախագահին։ Ընդհանուր առմամբ, (խմբ․՝ ուկրաինական) իշխանությունների դիրքորոշումը, իհարկե, վիրավորական է», - ասել է նա։
Կոբախիձեն պարզաբանել է, որ ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել 2021 թ․-ին Սաակաշվիլիին Վրաստան տեղափոխելու մեջ, և երբ երկրի նույն ղեկավարությունը պահանջում է նրա վերադարձը, դա վիրավորական է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել էր զանգահարել Վրաստանի դեսպանին և հրահանգել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։ Նա կրկին Թբիլիսիին կոչ է արել Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Կիև։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի գործընկերները պետք է պաշտպանեն Սաակաշվիլիին՝ նրան փրկելու համար։










