Իսրայելն ավարտել է լայնածավալ ռազմական գործողությունը պաղեստինյան Ջենին քաղաքում. սպանվել է 12 պաղեստինցի
Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում, ըստ պաշտոնական տվյալների, ավարտվել է։ Բոլոր զինվորականները դուրս են բերվել այնտեղից և կվերադառնան «ամենօրյա» ծառայությանը, հուլիսի 5-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ պատասխանելով լրագրողական հարցմանը։
Բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջին ստորաբաժանումները պաղեստինյան քաղաքը լքել են նախորդ գիշեր։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել էր Ջենինում գործողության սպասվող ավարտի մասին։
«Այս պահին մենք ավարտում ենք առաքելությունը, և կարող եմ ասել, որ մեր լայնածավալ գործողությունը Ջենինում մեկանգամյա գործողություն չէ»,- ասել է նա՝ այցելելով քաղաքի մոտ գտնվող իսրայելական բանակի անցակետը։
Զորքերի դուրսբերման մեկնարկից մի քանի ժամ անց Գազայի հատվածում պաղեստինցի զինյալները հինգ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը Twitter-ում։
Իսրայելը որսացել է հրթիռները, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ի պատասխան այս հրետակոծության՝ իսրայելցի զինվորականները հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտի վրա։
Հուլիսի 3-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը Հորդանան գետի Արևմտյան ափին սկսեց վերջին տասնամյակների ամենախոշոր ռազմական գործողություններից մեկը և հայտարարեց ահաբեկչական խմբավորումներին հարվածներ հասցնելու մասին: Իսրայելի զինվորականները հայտարարության մեջ նշել են, որ իրենք անգործ չեն մնա «քանի դեռ ահաբեկիչները շարունակում են վնասել խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Ջենին ճամբարը որպես թաքստոց»։
Ջենին քաղաքում տեղակայված է փախստականների ճամբար, որտեղ բնակվում են պաղեստինցի հարյուրավոր զինյալներ, նշում է Reuters-ը:
Իսրայելի բանակի գործողության մեկնարկից ի վեր 12 պաղեստինցի է զոհվել, որոնցից առնվազն 5-ը գրոհային է եղել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնել է Ռամալլայում առողջապահության նախարարությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գործողության ընթացքում սպանվել է մեկ իսրայելցի զինվոր։










