Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ Արցախի իրավիճակի վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա մանրամասնեց, որ միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել էր դեռ Լաչինի միջանցքն արգելափակելու առաջին օրվանից՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդների և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա։
«Բնականաբար, ՄԻԵԴ-ի նման շրջանակ ֆիքսելը պայմանավորված է իր առանձնահատկություններով, քանի որ այդ ատյանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կայացնելու որոշման դեպքում կենտրոնանում է երկու իրավունքների վրա՝ կյանքի իրավունքի և անմարդկային դաժան վերաբերմունքի դեմ։ Այդ տրամաբանությամբ էլ որոշումը ձևակերպվել էր։ Ցավոք, որոշման կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,-նշեց Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հավելեց, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։
Կիրակոսյանի խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն և հուսով են, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև շուրջ երկու ամիս է անցել իրենց ներկայացրած պահանջից։










