Կամաց-կամաց Երևանի կենտրոնում դղյակի կառուցում կֆինանսավորենք, հետո կսկսենք ծնկներին տալ․ Փաշինյան

13:14 • 06.07.23

Մենք շատ հաճելի ազդակներ ենք ստանում, որ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու պետության կողմից տրամադրվող վարկային ծրագրերն սկսում են աշխատել և աշխուժություն են առաջացրել։

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտնեց, որ մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են վարկավորման պայմաններին։ Այսօրվա դրությամբ, սակայն, տրամադրվել են 3 վարկերի առաջին տրանշները Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաշեն գյուղերում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղում 3 դիմող կա, որոնցից այս պահին դեռ 1-ն է շինթույլտվություն ստացել։

«Վայոց Ձորի մարզում աշխուժության կա, բայց թվաքանակը քիչ է։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից այս պահին 4 հոգի է դիմել Արենի, Խաչիկ, Խնձորուտ և Գոմք համայնքներից»,-իր հերթին էլ տեղեկացրեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ասելով, որ Արարատի մարզում հայտ չկա, Սյունիքում 8 հայտ է եղել։

Նախարարի խոսքով` ծրագիրը դանդաղում է բանկերում գրավադրման հարցի պատճառով։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որի միջոցով հույս ունեն` ծրագիրն ավելի կակտիվանա։

Վարչապետն էլ առաջարկեց բանկերի հետ քննարկում կազմակերպել։

Նիկոլ Փաշինյանը մեկ հանձնարարություն տվեց՝ հայտարարելով, որ ծրագրի էությունից չպետք է շեղվել, քանի որ նպատակից շեղվելու ռիսկեր է նկատում։

«Այսպես, որ գնաց կամաց- կամաց սահմանամերձ գյուղերից կհեռանանք և մեկ էլ կտեսնենք՝ Երևանի կենտրոնում դղյակի կառուցում ենք ֆինանսավորել, ու հետո կսկսենք ծնկներին տալ։ Սահմանապահ գյուղերին պետք է այդ սուբվենցիաները տալ, չշեղվել»,- հորդորեց գործադիրի ղեկավարը։

Կամաց-կամաց Երևանի կենտրոնում դղյակի կառուցում կֆինանսավորենք, հետո կսկսենք ծնկներին տալ․ Փաշինյան