Ուկրաինան ԱՄՆ-ին վստահեցրել է, որ կասետային զինամթերք չի օգտագործի Ռուսաստանի տարածքում. Սալիվան
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից տրամադրվելիք կասետային զինամթերքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:
Սալիվանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ մի շարք դեմոկրատ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին կասետային զինամթերք մատակարարելու որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս: Կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրում։ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, պահեստավորումը, օգտագործումն ու փոխանցումը։
Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը և կոնգրեսական Բարբարա Լին կասկածներ են հայտնել որոշման վերաբերյալ՝ ասելով, որ այն կարող է խրախուսել այլ երկրներին շրջանցել նշված զինամթերքն արգելող միջազգային կոնվենցիան:
Լին Բայդենի վարչակազմին կոչ է արել վերանայել այդ քայլը:
«Կասետային զինամթերք երբեք չպետք է օգտագործվի. դա դուրս է բոլոր սահմաններից», - ասել է նա CNN-ին:
Սպխիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին պաշտպանել է վարչակազմի որոշումը։
«Մենք շատ լավ հասկանում ենք քաղաքացիական զոհերի և չպայթած զինամթերքի վերաբերյալ մտահոգությունները: Բայց այս զինամթերքն իսկապես օգտակար հնարավորություններ է տալիս մարտի դաշտում»,- ասել է Քիրբին:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը կասետային զինամթերք է օգտագործում Ուկրաինայում և «սպանում խաղաղ բնակիչներին», մինչդեռ «ուկրաինացիները դրանք կօգտագործեն իրենց սեփական տարածքը պաշտպանելու համար»։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ ՄըքՔալը, ասել է, որ Ուկրաինայի հակահարձակումը դանդաղ է ընթանում, և որ կասետային զինամթերքը կարող է «բեկումնային կետ» լինել ուկրաինացիների համար:










