Ռուսաստանը 2-րդ գիշերն անընդմեջ անօդաչուներով հարձակվել է Կիևի վրա
Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ անօդաչու սարքերի հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և Կիևի մարզի վրա, չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերը:
Ըստ ուկրաինացի զինվորականների նախնական տեղեկությունների, զոհերի կամ խոշոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան, գրում է The Guardian-ը։
Reuters-ի ականատեսները Կիևում լսել են պայթյուններ, որոնք նման են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի՝ օդային օբյեկտներ որսալու ձայնին:
Կիևում ավելի քան երկու ժամ օդային տագնապ է հնչել:
Ըստ korrespondent.net-ի՝ ընդհանուր առմամբ հարվածին մասնակցել է 15 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Դրանցից 11-ը ոչնչացվել է ՀՕՊ-ի կողմից:
Նշվում է, որ նախորդ գիշեր Ռուսաստանը 28 անօդաչու սարք է ուղարկել Կիևի և Օդեսայի ուղղությամբ, իսկ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է «Շահեդ» անօդաչուներից 26-ը:










