Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները գերազանցել են ռազմաքաղաքական դաշինքի մոդելը. Չինաստանի ԱԳՆ

12:26 • 12.07.23

Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները գերազանցել են «սառը պատերազմի» ժամանակաշրջանի ռազմաքաղաքական դաշինքի մոդելը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։

Նա այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի կոմյունիկեի այն դրույթը, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության խորացումը հակասում է դաշինքի շահերին, գրում է kommersant.ru-ն։

Վենբինի խոսքով՝ երկու երկրի հարաբերությունները «հիմնված են չմիավորման, չառճակատման և երրորդ կողմերին չթիրախավորելու սկզբունքների վրա»։

«Երկու երկրի հարաբերությունները գերազանցել են «սառը պատերազմի» տարիներին ռազմաքաղաքական դաշինքի մոդելը։ Սա սկզբունքորեն տարբերվում է ՆԱՏՕ-ի երկրներից, որոնք ստեղծում են փակ շրջանակներ և ներգրավվում են դաշինքային առճակատման մեջ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վիլնյուսում ընթանում է ՆԱՏՕ-ի ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը։ Երեկ՝ հուլիսի 11-ին, եզրափակիչ հայտարարության մեջ ասվում էր, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում հակամարտություն Ռուսաստանի հետ և վտանգ չի ներկայացնում նրա համար, սակայն Մոսկվան չի համարվի դաշինքի գործընկեր, քանի դեռ թշնամական քաղաքականությունը չի փոխվել։ ՆԱՏՕ-ի երկրները հավանություն են տվել նաև արևելյան թևում 300 հազար զինվոր տեղակայելու ծրագրին:




Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները գերազանցել են ռազմաքաղաքական դաշինքի մոդելը. Չինաստանի ԱԳՆ