Մարդը, որն այդ օրենքն անցկացրել է, փողոցում ծխող մարդ է տեսնում, իրեն ո՞նց է զգում․ Խաչատուր Սուքիասյան
Ծխելն արգելելու մասին օրենքը խայտառակություն է։
ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը․
«Բա հիմա մենք բերում և օրենք ենք ընդունում հրավառություն մասին և այլ օրենքներ։ Մենք ինչ եք ուզում անել․ ասենք՝ հասարակությու՛ն, մենք այդ օրենքը ընդունում ենք, բայց այդ ռեսուրսը չունենք, որպեսզի հետևենք, որ սրճարաններում և ռեստորաններում չծխեն։
Մենք, իհարկե, մեզ թույլ չենք տալիս, որպես պատգամավոր, ծխել ռեստորաններում։ Եթե 20 հոգի ծխում է, մենք ինչ պետք է անենք, գնալու ենք ի՞նչ ասենք»,- նման տեսակետ հայտնեց պատգամավորը։
Նա ասաց, եթե պետությունը մտածում է քաղաքացիների առողջության մասին, ավելի լավ է ֆինանսներն ուղղել առողջապահական համակարգի զարգացմանը։
«Մարդը փողոցում կանգնած ծխում է, մյուս կողմում սրճարան է և զրուցում է ընկերոջ հետ, որը ծխում է։ Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել։ Ես օրենքի հեղինակներին խորհուրդ եմ տալիս օրինագիծը հետ կանչել, ուսումնասիրել բոլոր հարցերը։
Օրինակ, մարդն ով էդ օրենքն անցկացրել է, փողոցում անցնում և տեսնում է, որ մարդը ծխում է, իրեն ո՞նց է զգում։ Նշանակում է՝ օրենքը չի գործում»,- վրդովվեց Խաչատուր Սուքիասյանը։










