Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում մտացածին հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան

11:29 • 13.07.23

Հաագայի դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև, եթե փետրվարին Ադրբեջանի ղեկավարությունը ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքը արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների պատճառով։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ  վերահաստատվում ու էլ ավելի է ամրապնդվում  Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։ Ադբեջանի բնապահպանական ակտիվությունը  այնուամենայիվ շարունակվում է ու հիմա էլ այդ երկիրը փորձում է  Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։

Սրա համար Ադրբեջանը Հայաստանին փորձում է  վերագրել հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք ուրիշ բանի մասին են, հիշատակում կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Յեյլի համալսարանի  բնապահպանական քաղաքականության և իրավունքի  կենտրոնը հրապարակել է 2022թ-ի աշխարհի  էկոլոգիապես ամենամաքուր երկրների  վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը, Ադրբեջանը՝ 104։

«Արդարադատության միջազգային դատարանի  պարտադիր իրավական ուժ ունեցող  որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային  կոնսոլիդացիա ապահովել  Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող  էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար։

Այս առումով չափազանց կարևոր է միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը  ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման նպատակով»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում մտացածին հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան