Չինաստանում մանկապարտեզի դաստիարակը մահապատժի է ենթարկվել 25 երեխայի թունավորված շիլա տալու և նրանցից մեկին սպանելու համար

14:53 • 14.07.23

Չինաստանում մանկապարտեզի դաստիարակը մահապատժի է ենթարկվել 25 երեխայի թունավորված շիլա տալու և դրա հետևանքով փոքրիկներից մեկին սպանելու համար:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դաստիարակը դա արել է գործընկերներից մեկի հետ վեճից հետո՝ որպես վրեժխնդրություն:

39-ամյա Վեն Յունը ձերբակալվել էր ու մահապատժի դատապարտվել չորս տարի առաջ: Կինն իր գործընկերուհու հետ վիճելուց հետո նրա խմբի երեխաների համար նախատեսված շիլայում նատրիումի նիտրիտ էր լցրել: Տվյալ քիմիական միացությունը սովորաբար օգտագործվում է որպես սննդի կոնսերվանտ, բայց կարող է թունավոր և մահացու լինել՝ գերդոզավորման դեպքում:

Իշխանությունները պարզել են, որ ընդհանուր առմամբ 25 երեխա թունավորվել է միջադեպի հետևանքով: Ծնողներից մեկի պատմելով՝ ինքը տնօրենից զանգ է ստացել՝ տեղեկանալով, որ իր չորսամյա դուստրը նախաճաշից հետո վատ է զգում:

«Երբ ես հասա մանկապարտեզ, աղջիկս արդեն մահացել էր», - պատմել էր հայրը։

Նշենք, որ դաստիարակը բողոքարկել է իր մահապատժի դատավճիռը, սակայն ապարդյուն: Այսօր Վենը մահապատժի է ենթարկվել:

Չինաստանում մանկապարտեզի դաստիարակը մահապատժի է ենթարկվել 25 երեխայի թունավորված շիլա տալու և նրանցից մեկին սպանելու համար