Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի

13:09 • 14.07.23

Երևանում այս տարի ավելի քան 40 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Շուրջ 24 կմ-ն արդեն պատրաստ է։ 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«25 կմ-ն անցկացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, 16.3 կմ-ն՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ուժերով:

Նախատեսված է նաև նոր ջրագծերի անցկացում դեպի Աջափնյակ և Դավթաշեն»,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: 

Գործող ջրագծերի մեծ մասը վթարված է, ջուրը հասցեներ չի հասնում: Ոռոգման նոր համակարգեր են անցկացվում զբոսայգիներում, փողոցների ու ճանապարհների հարակից հատվածներում: Բակերի բարեկարգմանը զուգահեռ՝ ոռոգման ջուրն դրանց կհասնի խողովակներով: 

«Բակային տարածքների մոտ 90 տոկոսում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չունի»,-ասում է Ա. Բեգոյանը:

Մետաղական հնամաշ ու վթարված խողովակները փոխարինվում են, տեղադրվում է նոր՝  անձրևացնող համակարգ: Սա խոռածածկ ստեղծելու լավագույն տարբերակն է: Որոշ հատվածներում կլինի նաև կաթիլային ոռոգում: 

«70 տարվա խողովակներ էին, մշտապես վթարվում էին»,- նշում են ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
«Տեղադրվում են նոր պոլիէթիլենային խողովակներ, իսկ այն հատվածներում, որտեղ հատում են փողոցները, դրանք երկաթյա խողովակների միջով ենք անցկացնում, որը երկարեցնում է պոլիէթիլենայինների շահագործման ժամկետը:

Միաժամանակ վերանորոգվում ու կառուցվում են պոմպակայաններ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով: 

Ոռոգման նոր համակարգերը հնարավորություն կտան վերականգնելու նախկին կանաչապատ տարածքները, նաև այդպիսի նոր գոտիներ հիմնելու հնարավորություն են: Քաղաքի կանաչ զանգվածն այս տարի կավելանա  շուրջ 20 հա-ով, ինչը կարևոր է նաև քաղաքի բնապահպանական խնդիրները լուծելու տեսակետից: 

«Ոռոգման համակարգը կանաչապատման առաջնային պայմանն է: Մենք հենց հիմա էլ կարող ենք հազարավոր ծառեր տնկել Երևանում, բայց մեզ մոտ այլևս ոչ մի թուփ չի տնկվում, քանի դեռ լուծված չէ ոռոգման խնդիրը»,-շեշտում է Արմեն Բեգոյանը:

Հաջորդ տարի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մտադիր է ոռոգման համարգերն ընդլայնել ավելի մեծ ծավալով»:

Մանրամասները տեսանյութում.

 

Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի