Չինաստանը հայտարարել է, որ «ԱՄՆ-ին պետք է Քիսինջերի դիվանագիտական իմաստությունը և Նիքսոնի քաղաքական քաջությունը»
ԱՄՆ-ին «Քիսինջերի ոճի դիվանագիտական իմաստություն» է պետք Չինաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ. այս մասին ասել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Ին՝ Պեկինում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպմանը:
Ինչպես նշում է Reuters-ը, ներկայում այս երկրների երկկողմ հարաբերությունները պատմական ցածր մակարդակի վրա են: Եվ թեև Վաշինգտոնը հայտարարել է, որ տեղյակ է Քիսինջերի Չինաստան կատարած այցի մասին, սակայն վերջինս Պեկին է եկել ոչ ԱՄՆ կառավարության անունից:
100-ամյա Քիսինջերն ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական է եղել նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի վարչակազմերում: Նա առանցքային դիվանագիտական դեր է խաղացել 1970-ականներին Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների կարգավորման գործում և պաշտոնը թողնելուց հետո պարբերաբար այցելել է Չինաստան:
Այժմ Վան Ին, Քիսինջերին անվանելով «հին ընկեր», գովել է նախկին դիվանագետին երկու երկրի միջև փոխըմբռնման ամրապնդման գործում «անփոխարինելի դեր» խաղալու համար:
«Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պահանջում է Քիսինջերի ոճի դիվանագիտական իմաստություն և Նիքսոնի ոճի քաղաքական խիզախություն», - հանդիպման ժամանակ Վանի խոսքերը մեջբերել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Վանը Քիսինջերին ասել է, որ անհնար կլինի փորձել փոխել Չինաստանը կամ զսպել նրան:
Թայվանի վերաբերյալ Վանն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է հեռու մնա «Թայվանի անկախության անջատողական գործունեությունից»:










