Իրաքի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան մոտ ցուցարարներին ցրելու համար
Իրաքի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան մոտ ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է նաև խլացուցիչ զենքեր։
Այսօր՝ հուլիսի 20-ի գիշերը, իրաքցիները, դժգոհելով Շվեդիայում Ղուրանի հրապարակային այրման դեպքերից, ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատան շենք ու հրկիզել այն։ Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Շվեդիայի ԱԳՆ-ն դատապարտել է դեսպանատան գրավումը և ընդգծել իրաքյան իշխանությունների կողմից դիվանագիտական առաքելության պաշտպանության անհրաժեշտությունը։
Ղուրանի այրման գործողություններն իրականացրել է ծայրահեղ աջ և հակաիսլամիստական Hard Line կուսակցության ակտիվիստ Ռասմուս Պալուդանը։ Ավելի ուշ այլ ակտիվիստներ սկսել են այրել Ղուրանը։ Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Մեդբորջարպլացեն հրապարակում ոստիկանության թույլտվությամբ 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան պատռել է Ղուրանի հատորից էջեր, խոզի միս դրել ներսը և այրել գիրքը։










