Բրյուսելի հանդիպումը կոնկրետ արդյունքներ չտվեց, Բաքուն շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը․ Նիկոլ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում խորացող հումանիտար ճնգաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի ու Ադրբեջանի նախագահի հետ։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հանդիպումը ցավոք Լաչինի միջանցի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։ Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգութան օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։
Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների, այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետարաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։ Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրականացվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի ու առաջին անհրաժեշտության ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարրաման իսպառ բացակայությունն է ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դրաձնելու նպատակով։
Ցավով է պետք ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, մինչև օրս չի կատարվել»,- ասաց կառավարության ղեկավարը։
Փաշինյանը ընդգծեց, որ այդուհանդերձ պետք է շարունակել աշխատանքները ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում լայնորեն լուսաբանելու ուղղությամբ։
«Բրյուսելում քննարկված հաջորդ հարցը ՀՀ-ի ու Ադրբեջանի կողմից միմյանց 29․800 և 86․600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն էր։ Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը։
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները։ Բայց մենք անհոգնել պետք է շարունակենք աշխատանքները գերիների վերադարձի ու անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ։
Բրյուսելի հանդիպումից, ինչպես տեսնում եք, շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել, այսուհանդերձ բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ ու պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս խոսքով՝ ստեղծված իրավիճակում ավելի է սրվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փասահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։










