Ցուցարարները գրոհել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը՝ Ղուրան այրելու ակցիայի պատճառով (տեսանյութ)
Շվեդիայում Ղուրանի օրինակների այրումից զայրացած իրաքցի ցուցարարները ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն՝ բարձրանալով համալիրի պատերը ու հրկիզելով այն: Այս մասին գրել է Al Jazeera-ն։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ դեսպանատան ողջ անձնակազմն ապահով է։ Գրասենյակը դատապարտել է հարձակումը և ընդգծել իրաքյան իշխանությունների կողմից դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտպանելու անհրաժեշտությունը:
Առցանց տեսանյութերում երևում է, որ հինգշաբթի վաղ առավոտյան դեսպանատան մոտ ցուցարարները ծածանում են դրոշներ ու ցուցանակներ, որոնց վրա պատկերված է իրաքյան ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը:

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է դեսպանատան վրա հարձակումը։
«Իրաքի կառավարությունը հանձնարարել է իրավասու անվտանգության մարմիններին անհապաղ հետաքննություն անցկացնել ու ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու և այս արարքի մեղավորներին նույնականացնելու և ըստ օրենքի պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հինգշաբթի լուսադեմին անվտանգության ուժերը տեղակայվել էին դեսպանատան ներսում. նշվում է, որ շենքից ծուխ էր բարձրացել, իսկ հրշեջները մարել են հրդեհի օջախները։
Տեսանյութը Reuters-ի
Հինգշաբթի օրվա ցույցի մասին հայտարարել էին Սադրի կողմնակիցները՝ բողոքելու Շվեդիայում Ղուրանի երկրորդ ծրագրված այրման դեմ, ասվում է հանրահայտ տելեգրամյան խմբում, որը կապված է ազդեցիկ առաջնորդի և Սադրամետ այլ լրատվամիջոցների հետ:
«Մենք այսօր մոբիլիզացված ենք՝ դատապարտելու Ղուրանի այրումը, որն ամբողջապես կապված է սիրո և հավատքի հետ»,- ֆրանսիական AFP գործակալությանը ասել է ցուցարար Հասան Ահմեդը:
Ավելի վաղ շվեդական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հինգշաբթի օրը պլանավորված այրումը կազմակերպել է Շվեդիայում իրաքցի փախստական Սալվան Մոմիկան։
Սալվանը նաև այրել է Ղուրանի պատճենի էջերը Ստոկհոլմի ամենամեծ մզկիթի առջև հունիսի 28-ին՝ Կուրբան Բայրամի ժամանակ, որը տոնում են ողջ աշխարհի մուսուլմանները:










