Էրդողանի՝ ԱՄԷ կատարած այցի ընթացքում Աբու Դաբին և Անկարան ստորագրել են 50,7 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության համաձայնագրեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի ընթացքում Աբու Դաբին և Անկարան ստորագրել են 50,7 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության մի շարք համաձայնագրեր, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Էրդողանի՝ ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդ։
Ստորագրված փաստաթղթերից գործակալությունը նշում է էներգետիկայի և բնական ռեսուրսների ոլորտում համատեղ նախագծերի իրականացման, ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը, համատեղ առևտրատնտեսական հանձնաժողովի ստեղծման մասին հռչակագիրը, համագործակցության հուշագիրը: Ընդհանուր առմամբ, կողմերը ստորագրել են 15 համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր։
Հուլիսի 17-ին Էրդողանը Պարսից ծոցի երկրներ է մեկնել եռօրյա շրջագայության, որի նպատակն է նավթ արդյունահանող արաբական միապետություններից թուրքական տնտեսություն ներդրումներ ներգրավել։ Նա նախորդ երկու օրերին այցելել է Ջիդդա և Դոհա, որտեղ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։










