Երեկ Ամիրյան փողոցի շենքի տանիքում բռնկված հրդեհը տարածվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ․ մարվել է 23:51-ին (լուսանկարներ, տեսանյութ)

08:03 • 21.07.23

ՀՀ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևանում երեկ բռնկված հրդեհի մասին։

«Հուլիսի 20-ին, ժամը 22:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ Ամիրյան փողոցի թիվ 4/6 շենքի տանիքում բռնկված հրդեհը տարածվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:51-ին: Այրվել են շենքի տանիքում տեղադրված ծխահեռացման համակարգը՝ շարժիչներով, ծխատարի արտաքին երեսպատման շերտը, իսկ 9-րդ հարկի բաց պատշգամբում՝ գույք:

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համացանցում տարածված տեսանյութի տելեգրամյան հղումը։

Երեկ Ամիրյան փողոցի շենքի տանիքում բռնկված հրդեհը տարածվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ․ մարվել է 23:51-ին (լուսանկարներ, տեսանյութ)