Լեհաստանը ցանկանում է գրավել արևմտյան Ուկրաինան. Արևմուտքը հիասթափված է հակահարձակումից. Կիևն ահռելի կորուստներ ունի. Պուտինի հայտարարությունները՝ ՌԴ ԱԽ նիստում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ Ուկրաինայի մի մասը գրավելու Լեհաստանի մտադրություններին և Ուկրաինայի հակահարձակմանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Պուտինի համոզմամբ՝ Արևմուտքը հիասթափված է Կիևի նախաձեռնած հակահարձակման ընթացքից:
«(Ուկրաինային) չեն օգնում ո՛չ վիթխարի ռեսուրսները, որոնք տրամադրվեցին Կիևի ռեժիմին, ո՛չ արևմտյան զենքի՝ տանկեր, հրետանի, զրահատեխնիկա, հրթիռներ, մատակարարումը, ո՛չ էլ հազարավոր օտարերկրյա վարձկանները և խորհրդատուները, որոնք ամենաակտիվ կերպով օգտագործվում են մեր բանակի ճակատը ճեղքելու փորձերում»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա հայտարարել է, որ ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես է «արևմտյան այդքան շատ գովաբանված, իբր անխոցելի տեխնիկան» այրվում: Բացի այդ, Պուտինն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները «հսկայական կորուստներ են կրել»։
«Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է», - ընդգծել է Պուտինը։
«Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հարց է առաջանում, օրինական հարց՝ հանուն ինչի՞, հանուն ո՞ւմ եսասիրական շահերի են մահանում նրանց հարազատներն ու ընկերները։ Աստիճանաբար, դանդաղ, բայց սթափվում են», - շարունակել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում հասարակական կարծիքը նույնպես փոխվում է։ Եվրոպացիները, ինչպես նաև եվրոպական վերնախավի ներկայացուցիչները տեսնում են, որ Ուկրաինային աջակցությունը վերածվում է փողի և ջանքերի վատնման, և արդյունքում՝ սպասարկում է «օտարերկրյա գլոբալ հեգեմոնի» շահերը, որին ձեռնտու է թե՛ Եվրոպայի թուլացումը, թե՛ ուկրաինական հակամարտության անվերջ երկարաձգումը, նշել է ՌԴ նախագահը։
Ուկրաինայի մի մասը գրավելու Լեհաստանի ծրագրերի մասին
Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրների ղեկավարներ ցանկանում են օգուտ քաղել ուկրաինական ողբերգությունից, ընդգծել է Պուտինը։
«Չեմ կարող չմեկնաբանել... մամուլում հայտնված հաղորդագրությունները, այսպես կոչված, լեհ-լիտվա-ուկրաինական ստորաբաժանման ստեղծման ծրագրերի մասին: Այսինքն`... խոսքը կանոնավոր, լավ զինված զորամիավորման մասին է, որը նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի տարածքում գործողությունների համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Ակնհայտ է, որ եթե լեհ վարձկանները մտնեն Լվով կամ Ուկրաինայի այլ տարածքներ, նրանք ընդմիշտ կմնան այնտեղ, ընդգծել է Պուտինը։
«Ինչ վերաբերում է լեհ առաջնորդներին, նրանք հավանաբար ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ինչ-որ կոալիցիա ստեղծել և ուղղակիորեն միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի հետո իրենց համար ավելի մեծ կտոր պոկեն և վերականգնեն, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական տարածքները՝ այսօրվա արևմտյան Ուկրաինան: Հայտնի է, որ նրանք երազում են նաև բելառուսական հողերի մասին»,- ասել է Պուտինը։










