Ղրիմի օդային տարածքում 11 անօդաչու թռչող սարք է խոցվել ու ճնշվել
Արխիվային լուսանկար
Հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը Ղրիմի օդային տարածքում խոցել ու ճնշել են 11 անօդաչու թռչող սարք, դրանց բեկորները վնասել են առանձնատուն։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել են և ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնիկայի միջոցով ճնշվել հակառակորդի 11 անօդաչու թռչող սարք: Խոցվել է զինամթերքի պահեստ Ջանկոյսկի շրջանում, նաև Կիրովսկի թաղամասում գտնվող առանձնատուն է վնասվել անօդաչու թռչող սարքերի բեկորներից»,- հաղորդել է նա։
Ակսյոնովի խոսքով՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները տեղում աշխատում են։
Հանրապետության ղեկավարը բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել ու վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։










