Մոսկվայում անօդաչու սարքերը հարձակվել են մի քանի շենքի վրա (լուսանկարներ)
Մոսկվայում անօդաչու սարքերը հարձակվել են երկու շենքի վրա. ТАСС-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել Կոմսոմոլսկի պողոտայում, ևս մեկը հարվածել է Լիխաչյով փողոցի բարձրահարկ բիզնես կենտրոնին, գրել է РБК-ն։
«Կոմսոմոլսկի պողոտայում, 17 հասցեում, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«112» տելեգրամյան ալիքը պարզաբանել է, որ Կոմսոմոլսկի պողոտայում բազմաթիվ շենքերի ապակիներ են կոտրվել՝ «անօդաչու թռչող սարքի ժամանման» կապակցությամբ․ այս պողոտայով ու Լիխաչյովի պողոտայով երթևեկությունը սահմանափակվել է։ Ալիքում տեսնյութ է հրապարակված։

«Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո Լիխաչյովի երկնաքերից թանձր սև ծուխ էր բարձրանում»,- գրել է Mash-ը։ Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Մոսկվայի կենտրոնի և հարավի բնակիչները լսել են պայթյունի ձայներ, ըստ նրանց՝ առաջին պայթյունը հնչել է Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում։
«Այսօր՝ առավոտյան ժամը մոտավորապես 4-ին (Մոսկվայի ժամանակով - Tert.am), անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել 2 ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։
Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում աշխատում են»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։










