Նորվեգիայում կուսակցության ղեկավարը հրաժարական է տվել՝ խանութից արևային ակնոց գողանալու համար (տեսանյութ)
Նորվեգիայի ծայրահեղ ձախակողմյան «Կարմիր կուսակցության» ղեկավար Բյորնար Մոքսնեսը հայտարարել է, որ 11 տարի կուսակցությունն առաջնորդելուց հետո հրաժարական է տալիս։ Այս մասին նա ասել է սոցկայքերում, հայտնում է Haugesunds Avis-ը։
Պաշտոնը լքելու պատճառ է դարձել այս տարվա հունիսին տեղի ունեցած սկանդալը։ Մոքսնեսին բռնել են Օսլոյի օդանավակայանում գողություն կատարելիս: Քաղաքական գործիչը Hugo Boss բուտիկում գողացել է մոտ 100 եվրո արժողությամբ արևային ակնոց։
Սկզբում 41-ամյա քաղաքական գործիչը չի ընդունել իր մեղքը՝ պնդելով, որ խանութից պատահաբար է իր հետ ակնոցը տարել։ Մինչդեռ ոստիկանները կարծում են, որ նա դիտմամբ է գողացել ակնոցը։
Գողությունը տեղի է ունեցել այս տարվա հունիսի 16-ին, երբ Մոքսնեսը մասնավոր ճամփորդության մեջ էր։ Տեսահսկման տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ Մոքսնեսը սկզբում պոկել է ակնոցի վրա եղած սարքը, ապա այն դրել ճամպրուկի մեջ, իսկ ավելի ուշ դրել գրպանը: Հունիսի 30-ին քաղաքական գործիչը գողության համար տուգանվել է մոտ 250 եվրոյով։ Հայտարարության մեջ Մոքսնեսը խոստովանել է, որ գողացել է ակնոցները և խոստովանել, որ «չի կարողանում հասկանալ», թե ինչու է դա արել:
2021 թվականի Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցությունը հավաքել է ձայների 4,6%-ը և ստացել ութ տեղ խորհրդարանում։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










