Բախվել են արշավորդներ տեղափոխող Mercedes Sprinter-ն ու ГАЗ 53-ը, կա 20 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)

21:00 • 26.07.23

Ժամը 18:30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում, բախվել են Mercedes Sprinter  միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությաւն Արագածոտնի մարզի գումարտակի պարեկային ավտոմեքենաներով:

Բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ: 

Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ում եղել են արշավորդներ: 

«Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-53» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Կ․ Ս․) և «Mercedes Sprinter» մակնիշի մարդատար ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (17 ուղևոր) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան և փակել «GAZ-53» բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը»,- ավելի ուշ հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Բախվել են արշավորդներ տեղափոխող Mercedes Sprinter-ն ու ГАЗ 53-ը, կա 20 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)