Աղդամը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք. Բորել

11:07 • 27.07.23

Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող լուրջ մարդասիրական իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչնդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին: Այս մասին ասվում է  Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում:

«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում:

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ (Ակնա) քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

ԵՄ-ն նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:

Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային», - ասվում է Բորելի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «անընդունելի է քաղաքականացնելն ու պնդելն միայն Լաչինի ճանապարհի օգտագործումը, իսկ Աղդամի (Ակնա) ճանապարհը մերժելն ու փակելը»։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ տեղեկացված լինի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և «Ղարաբաղի հայ բնակչության» (Արցախի Հանրապետության քաղաքացիներ-Tert.am) Ադրբեջանի կազմում վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա՛։ Խաղն ավարտված է»,- ասել էր Հաջիևը։

Սրան ի պատասխան ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ բրյուսելյան բանակցություններում Ադրբեջանի հետ Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործող իշխանությունները հայտնվել են մի իրավիճակում, որ Հայաստանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ստում է, որ Լաչինի միջանցքը բաց է»,- նշել է նա։

Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։ 





Աղդամը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք. Բորել