ԱՄՆ-ում օդաչուն կարողացել է խուսափել երկնքում մասնավոր ինքնաթիռի հետ քիթ քթի բախումից և փրկել 175 ուղևորի կյանքը

14:42 • 27.07.23

Ամերիկյան Allegiant Air բյուջետային ավիաընկերության փորձառու օդաչուն կարողացել է խուսափել երկնքում մասնավոր ինքնաթիռի հետ բախումից և փրկել 175 ուղևորի կյանքը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով միջադեպի ականատեսին։

21-ամյա Ջերիկա Թաքերը Daily Mail-ին պատմել է, որ իրենք Ֆլորիդայից Կենտուկի էին թռնում։ Օդ բարձրանալուց կես ժամ անց օդանավը սկսել է շատ կտրուկ վեր բարձրանալ. դա տևել է 20 վայրկյան: Վախեցած ուղևորները կարծել են, թե տուրբուլենտության գոտում են, բայց շուտով օդաչուն կապ է հաստատել և բացատրել, թե ինչ է կատարվում։ Պարզվել է, որ նրանք քիչ էր մնում քիթ քթի բախվեին մասնավոր ինքնաթիռի:

«Թվում էր, թե մենք ընկնում ենք: Ես կառչում էի իմ առջև եղած ամեն ինչից և փորձում էի խուճապի չմատնվել»,- պատմել է աղջիկը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անձնակազմի անդամները սնունդ և խմիչք են մատուցել ուղևորներին։ Ուղղության կտրուկ փոփոխության պատճառով բորտուղեկցորդուհիներից մեկն ընկել է և վնասել դաստակը։ Վիրավորներին օգնելու համար օդաչուները վայրէջք են կատարել մեկնման օդանավակայանում։

«Ես հաստատ երբեք այլևս ինքնաթիռով չեմ թռնի։ Ավիաընկերությունը մեզ 200 դոլարի վաուչերներ է տվել թռիչքի համար։ Բայց, ամենայն հավանականությամբ, նրանք չեն օգտագործվի»,- եզրափակել է Թաքերը:





ԱՄՆ-ում օդաչուն կարողացել է խուսափել երկնքում մասնավոր ինքնաթիռի հետ քիթ քթի բախումից և փրկել 175 ուղևորի կյանքը