Անկարան և Բաքուն կհամագործակցեն թուրքական 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում

16:15 • 27.07.23

Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են, որ կհամագործակցեն հինգերորդ սերնդի թուրքական Kaan կործանիչ ստեղծելու նախագծի շրջանակում։ Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում անցկացվող Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի (IDEF-2023) շրջանակում, հաղորդում է TRT-ն։

Այս կապակցությամբ Yeni Shafaq թերթը նշում է, որ Բաքվի մասնակցությունը նախագծին պետք է դիտարկել որպես ռուսական ՄիԳ-29 ինքնաթիռներով զինված ադրբեջանական ռազմաօդային ուժերի արդիականացման կարևոր քայլ։

Հինգերորդ սերնդի Kaan կործանիչը Թուրքիայում ստեղծվում է 2017 թվականից՝ «Ազգային մարտական ինքնաթիռ» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ այն իր առաջին թռիչքը կիրականացնի այս տարի, իսկ զանգվածային արտադրությունը կսկսվի 2028 թվականին։ Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ Kaan-ը մարտավարական և տեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան F-35-ին և ապագայում կփոխարինի հանրապետության ռազմաօդային ուժերին սպասարկող F-16 կործանիչներին։


Անկարան և Բաքուն կհամագործակցեն թուրքական 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում