Ո՛չ Ադրբեջանից, ո՛չ ՌԴ խաղաղապահներից օգնությունն անցկացնելու մասով պատասխան չկա․ Վարդան Սարգսյանը՝  հումանիտար բեռն Արցախ տեղափոխելու մասին

14:06 • 27.07.23

Արցախի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Ըստ նրա՝ գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն:

«Եվ այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի։  Սահմանված կարգով և օղակներով դիմել ենք և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին, բայց կարելի է ասել՝ քար լռություն է, դեռ պատասխան չկա»,-մանրամասնեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով դեպի Կոռնիձոր ուղեւորված 19 բեռնատար մեքենաները, այս պահին դեռեւս կանգնած են Հակարիի կամրջից մոտ 2 կմ հեռավորության վրա։

Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա  և 9 տոննա դեղորայք:

Հավելենք, որ  Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշել է, որ «հայկական կողմից ավտոշարասյան ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ մարդասիրական օգնության անվան տակ և առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ևհերթական սադրանք Լաչինի անցակետի դեմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշիյանն էլ կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանն անհասկանալիորեն խոչընդոտում է  հումնիատր ապրանքների մուտքն Արցախ։

Ո՛չ Ադրբեջանից, ո՛չ ՌԴ խաղաղապահներից օգնությունն անցկացնելու մասով պատասխան չկա․ Վարդան Սարգսյանը՝  հումանիտար բեռն Արցախ տեղափոխելու մասին