Արցախը կարմիր գիծ է, կմիանանք ցանկացած նախաձեռնության․ «Ապրելու երկիրը» մասնակցում է «ՀայաՔվեին» (տեսանյութ)
«Ապրելու Երկիր» կուսակցությունն այսօր մասնակցեց «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքին։
Կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենց համար Արցախը կարմիր գիծ է, հետևաբար, պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության, որն այս կամ այն կերպ արտահայտում է մարդկանց անհամաձայնությունը։
«Մենք խորապես համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման կարևորագույնը գործոնն այսօրվա իշխանություններին իշխանությունից զրկելն է։ Այս ամենն ի կատար ածվելու ուղղությամբ նաև տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում ենք մենք։ Եվ այդ ընտրությունների միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու։ Մենք հավատում ենք, որ ժողովուրդը պատրաստ է և ընտրությունների միջոցով կարող է կատարել իշխանափոխություն։ Որպես քաղաքական ուժ, մենք այստեղ ենք տեսնում մեր գործառույթը»,- ասաց նա։
Հարցին՝ «ՀայաՔվեն» օրենդրական նախաձեռնություն կդառնա՞, թե ԱԺ-ն այն կտապալի՞, Թանդիլյանը չբացառեց, որ կարող են տարբեր սցենարներ զարգանալ, բայց իրենք այս քայլով իրենց համակիրներին հորդորում են իրենց լուման ներդնել Արցախի հարցով ցանկացած նախաձեռնության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։










