Անցած գիշեր թշնամու անօդաչու թռչող սարքը հարձակման փորձ է իրականացրել. Մոսկվայի քաղաքապետ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անցած գիշերը թշնամու անօդաչու թռչող սարքը հարձակման փորձ է իրականացրել։ Անօդաչուն խոցվել է ՌԴ ՊՆ ուժերի կողմից, մանրամասնել է քաղաքապետը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նրա խոսքով՝ ավերածություններ և վիրավորներ չկան։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կիևի իշխանությունների կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու փորձը ճնշվել է։ Գերատեսչությունում հավելել են, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցներով։
Վերջին անգամ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել չորս օր առաջ՝ հուլիսի 24-ին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկու անօդաչու թռչող սարքեր ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Առաջինն ընկել է Կոմսոմոլսկի պողոտայում, երկրորդը հարվածել է Լիխաչովի փողոցում գտնվող բիզնես կենտրոնի բարձրահարկ շենքին։ «Ուկրաինսկայա պրավդա»-ն գրել էր, որ հարձակումը կազմակերպել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը։ Ուկրաինայի թվային զարգացման նախարարության ղեկավար Միխայիլ Ֆեդորովը խոստացել էր ավելի շատ անօդաչու սարքերի հարձակումներ կատարել Մոսկվայի և Ղրիմի վրա։










