Քաղաքական գործիչներից և բժիշկներից հրաշք են սպասում. Մանե Թանդիլյանը հանդիպել է բուժաշխատողների հետ
Հուլիսի 27-ին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հանդիպեց բժիշկների և առողջապահական ոլորտի մասնագետների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի խնդիրները, հիվանդանոցների և պոլիկլինիկաների աշխատանքը, բժշկության հասանելիության, գործող համակարգերի արդյունավետության, ոլորտի կառավարման նորարարական գործիքների վերաբերյալ թեմաներ:

«Ես պատկանում եմ մարդկանց այն խմբին, ովքեր խորը պատկառանք ունեն բժշկի մասնագիտության նկատմամբ և սա ոչ միայն խոսքեր են, այլև պատասխանատվության մեծ զգացում: Ես պատկերացնում եմ, թե դուք որքան պատասխանատվություն ունեք, ու հենց դրա շնորհիվ է իմ այդ խորը պատկառանքը:

Քաղաքական գործիչը և բժիշկը ունեն երկու ընդհանրություն: Առաջինը՝ մարդիկ մեզանից հրաշք են սպասում, երկրորդ՝ այն որոշումները, որոնք մենք կայացնում ենք, ազդեցություն ունեն մարդկանց ճակատագրերի վրա: Այո, իրարից բովանդակային առումով շատ տարբեր որոշումներ, բայց ճակատագրական մարդկանց համար»,- ասաց Թանդիլյանը:
Նա նաև անդրադարձավ խնդիրների, որոնց հենց ինքն է բախվել և նշեց, որ այս խնդիրների լուծումները ցանկանում է մասնագետների հետ միասին գտնել:

«Ես կարծում եմ, որ բժշկությունը պետք է լինի հասանելի, իսկ հասանելիությունը միայն գինը չէ: Օրինակ՝ հանգստյան օրերին պոլիկնիլիկաները աշխատո՞ւմ են, թե՞ ոչ:
Երբ պատգամավոր էի, շաբաթ-կիրակի օրերին 24 ժամ մարդիկ ինձ զանգում էին, ներկայացնում իրենց խնդիրները: Ես օրը 24 ժամ պատգամավոր էի: Իհարկե, ես չեմ կարծում, որ բժիշկները պետք է օրը 24 ժամ աշխատեն, ոչ ոք չպետք է այդպես աշխատի: Ես ուզում եմ միասին հասկանանք այս հարցերի լուծումը»,- նշեց նա:

Հնդիպման մասնակիցներից մեկն արձագանքելով Թանդիլյանի բարձրացրած խնդրին՝ ներկայացրեց լուծման իր տարբերակը.
«Լուծումն ընտանեկան բժշկության համակարգն է: Երևանը հայտնի է նրանով, որ մենք ունենք բժշկական կադրերի ավելցուկ, չեմ կարծում, որ խնդիրը լուծելու համար պետք է հիվանդանոցներում ավելացնել բուժաշխատողների քանակը: Մենք պետք է ընտանկեան բժիշկների մասնավոր գրասենյակներ ունենանք: Պիտի բարձրացնենք բուժաշխատողների որակը, մասնագետների քանակի խնդիր չունենք»,- նկատեց նա:

Մեկ այլ մասնակից էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց բժշկական ապահովագրության հարցին՝ նշելով, որ ապահովագրությունը ոչ բոլոր հարցերն է լուծում, ոչ բոլոր վիրահատությունների համար են փոխհատուցում, երբեմն դրանք խնդիր են առաջացնում, և այն մարդը, որն ունի բժշկական ապահովագրություն, չի ստանում անհրաժեշտ բուժման փոխհատուցումը:

Բոլոր մասնակիցները ունեցան հնարավորություն իրենց հարցերն ու առաջարկները ներկայացնելու Մանե Թանդիլյանին:











