Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ չափազանց պարզ է. պարզ չէ՝ ինչ է անելու Բաքուն. Թոմաս դե Վաալ
Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է «Քարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։
«Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը մատակարարումների համար. Աղդամի (Ակնա) ճանապարհը կլինի ոչ այլընտրանք, այլ հավելում Լաչինի միջանքցին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը չպետք է խոչընդոտվի: Պակաս պարզ է՝ ինչ է անելու Բաքուն», - գրել է դե Վաալը:
Հիշեցնենք, որ երեկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող լուրջ մարդասիրական իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչնդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին:
«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում:
Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ (Ակնա) քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։
ԵՄ-ն նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային», - ասվում է Բորելի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «անընդունելի է քաղաքականացնելն ու պնդելն միայն Լաչինի ճանապարհի օգտագործումը, իսկ Աղդամի (Ակնա) ճանապարհը մերժելն ու փակելը»։










