Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով այսօր ՀՀ տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն․ ԱՀ պետնախարար

14:38 • 29.07.23

Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։

Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։

Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։

Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին», - գրել է նա։

Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով այսօր ՀՀ տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն․ ԱՀ պետնախարար