Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Գեղարքունիքի մարզ կատարած այցից

12:38 • 29.07.23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել նախօրեին Գեղարքունիքի մարզ կատարած իր այցից՝ կիսվելով մարզում իրականացվող որոշ աշխատանքների մանրամասներով։

Այցի շրջանակներում վարչապետին են ներկայացվել Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են պետբյուջեից:

Կատարվել է շինաշխատանքների 60 տոկոսը, մյուս մասը կավարտվի մոտ ժամանակներս», - գրել է Փաշինյանը՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը։

 Մեկ այլ հրապարակմամբ Փաշինյանը հայտնել է Գագարինում «Գեվմիկ» ընկերության կողմից հիմնված ջերմոցային տնտեսություն կատարած իր այցի և դրա շրջանակներում Կառավարության աջակցությամբ իրականացված ներդրումային ծրագրին ծանոթանալու մասին: Ինչպես ընդգծել է վարչապետը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ, որից 1․1 մլրդ դրամի տոկոսագումարը սուբսիդավորել է պետությունը:

Վարչապետն այցելել է նաև Լճաշեն, որտեղ ընթացքի մեջ են դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

«Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 236 մլն դրամ:

Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել մեկ ամսվա ընթացքում», - հրապարակված տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

Գեղարքունիքի մարզ այցը վարչապետն ավարտվել է Գագարինում չնախատեսված կանգառով, որտեղ զրուցել է բնակիչների հետ և լսել նրանց հուզող հարցերը։

Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Գեղարքունիքի մարզ կատարած այցից