Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա արցախցու առևանգմանը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը՝ մեկնաբանելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Լաչինի միջանցքով 15 հիվանդի մարդասիրական տեղափոխման ժամանակ մեկ հիվանդ ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին:
Վերջինիս իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները - Tert.am)։
Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլարի նյութական վնաս - Tert.am)» (չակերտները - Tert.am)։
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։
Ադրբեջանական կողմը նշել է, որ «նրա գտնվելու վայրը հետաքննությանը հայտնի չլինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, և 2013 թվականի նոյեմբերի 12-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը» (չակերտները - Tert.am)։
«Որոնողական աշխատանքների արդյունքում Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի՝ Լաչինի սահմանային անցակետից բերման է ենթարկվել պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից՝ փորձելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժման նպատակով մեկնել Հայաստանի Հանրապետություն։
Կապահովվի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի բժշկական հաստատություն տեղավորումը, անհրաժեշտ բուժօգնության ապահովումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար պայմանների ստեղծումը»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։










