Բաթումի նավահանգստում ցուցարարներ են հավաքվել՝ բողոքելով ռուս զբոսաշրջիկների ժամանման դեմ
Վրաստանի քաղաքացիները բողոքի ցույցի են հավաքվել Բաթումի նավահանգստի մոտ, որտեղ երկուշաբթի կժամանի «Աստորիա Գրանդե» զբոսաշրջային նավը՝ ռուս զբոսաշրջիկներով, հայտնում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը։
Անցյալ շաբաթ վրացական ընդդիմությունը, դժգոհ լինելով ռուս զբոսաշրջիկներով լի «Աստորիա Գրանդե»-ի՝ Բաթումի մուտքից, նավահանգստի մոտ բողոքի ցույց էր կազմակերպել։
Ընդդիմությունը սա համարել է միջազգային պատժամիջոցների շրջանցում, թեև իշխանությունները հայտարարել են, որ նավը, որը նավարկում է Պալաուի դրոշի ներքո, պատժամիջոցների ենթակա չէ։
«Ակտիվիստները գտնվում են նավահանգստի տարածքի մոտ, մինչդեռ դեպի նավահանգիստ տանող բոլոր ճանապարհները ոստիկանները փակում են։ Իրավապահները նշում են, որ նավահանգստի դիմաց բարիկադներ են տեղադրվել՝ անվտանգությունն ապահովելու համար»,- նշում է գործակալությունը։
Ակտիվիստները Բաթում են գալիս Վրաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Թբիլիսիից:










