Խաղաղապահներն ակտիվ միացել են հանգուցալուծումների որոնման գործընթացին. Զախարովան՝ Հայաստանից Արցախ ուղարկված մարդասիրական բեռի մասին

15:48 • 02.08.23

Չնայած, որ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղարկումը համաձայնեցված չի եղել Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվ միացել է հանգուցալուծումների որոնման գործընթացին և մշտական կապ է հաստատել երկու կողմի հետ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս ֆոնին ռուս խաղաղապահների հասցեին ցանկացած մեղադրանք ոչ արդյունավետ ենք համարում... Կապեր են հաստատվել, և, կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- ասել է նա։

Բացի այդ, Զախարովան կրկին կոչ է արել անհապաղ ապաարգելափակել Լաչինի միջանցքը և ապահովել տեղի բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանները:

«Իհարկե, շատ բան կախված է քաղաքական կամքիվ, փոխզիջումային քայլերի գնալու պատրաստակամությունից: Այս դեպքում լարվածությունը կարող է թուլանալ: Դրա համար մենք երկու կողմի հետ աշխատում ենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևահնքով Արցախում  ծայրահեղ ծանր մարդասիրական իրավիճակ է ստեղծվել։ Հուլիսի 26-ին Հայաստանը մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել սննդամթերքով և դեղորայքով։ Այս պահին մեքենաները կանգնած են Լաչինի միջանցքի մուտքի մոտ։


Խաղաղապահներն ակտիվ միացել են հանգուցալուծումների որոնման գործընթացին. Զախարովան՝ Հայաստանից Արցախ ուղարկված մարդասիրական բեռի մասին