Զախարովան մեկնաբանել է արցախցի Վագիֆ Խաչատրյանի հետ կապված իրավիճակը

16:35 • 02.08.23

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին Լաչինի միջանցքում առևանգելուն և կալանավորելուն, նշել է, որ տեղի ունեցածը, անկասկած, դժվարացնում է բարդ, բայց անհրաժեշտ հանգուցալուծումներ, փոխզիջումներ և լուծումներ գտնելը։

«Դա ավելի է բարդացնում իրավիճակը։ Երկրորդ՝ մենք տեսանք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները։ Երրորդ՝ մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, թե՛ Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին և նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները - Tert.am)։

Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլարի նյութական վնաս - Tert.am)» (չակերտները - Tert.am)։

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Զախարովան մեկնաբանել է արցախցի Վագիֆ Խաչատրյանի հետ կապված իրավիճակը