Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին (տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, նրա հարցաքննությունը շարունակվում է։
Նախօրեին նիստն անցկացվել է բաց ձևաչափով և հեռարձակվել ուղիղ եթերով, սակայն այսօր հանձնաժողովը նիստը փակ է անցկացնելու։
Նիստից առաջ պաշտպանության նախկին նախարարը կրկին անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների բացակայությանը՝ շեշտելով, որ համարում է, որ նիստին մասնակցելու իր խնդրանքն անտեսելն անվտանգության ու պաշտպանության հետ կապված հարցերի պարագայում կորցված հնարավորություն է։
Նշենք, որ դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ օգոստոսի 1-2-ին, առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը գտնվել կալանավայրից դուրս։
Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:










