Որոշում լինելու դեպքում այն կհրապարակվի․ «Հայրենիք» կուսակցության խոսնակը Արթուր Վանեցյանի՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

14:47 • 02.08.23

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը չի հաստատում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, համաձայն որի՝ «Հայրենիք» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի։

Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին որոշում չունեն, հետևաբար, չի կարող վերջնական որևէ բան ասել՝ կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, թե՝ ոչ։

Սոս Հակոբյանն ասաց, որ որոշում լինելու դեպքում այն կհրապարակեն։

Ավելի վաղ ավագանու ընտրություններին մասնակցությունը չի բացառել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դեռ կորոշեն, ընտրություններին ժամանակ կա։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի այս հայտարարությանը, Սոս Հակոբյանը պատասխանեց․ «Այո, ասել ենք, որ չենք բացառում, որ մասնակցելու ենք ընտրությանը, բայց, երբ 100 տոկոսով որոշում լինի, կհրապարակենք»։

Նշենք, որ Երևանու ավագանու ընտրության քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, իսկ սեպտեմբերի 17-ին նշանակված է ընտրության օրը։

Նշենք, որ մի շարք քաղաքական ուժեր վաղուց արդեն հայտարարել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։

Իշխող ուժը՝ ՔՊ-ն առաջադրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է։

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը ևս կմասնակցի ավագանու ընտրություններին․ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ Մի շարք այլ կուսակցություններ ևս հայտարարել են Երևանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին։

Իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները չեն հայտարարել իրենց մասնակցության մասին։

Որոշում լինելու դեպքում այն կհրապարակվի․ «Հայրենիք» կուսակցության խոսնակը Արթուր Վանեցյանի՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին