Իսրայելում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են իրականացրել դատական բարեփոխումների դեմ

11:44 • 03.08.23

Թել Ավիվում հազարավոր մարդիկ օգոստոսի 2-ի երեկոյան ցույցի են դուրս եկել դատական բարեփոխումների դեմ։ Բողոքի ալիքը չի մեղմանում այն բանից հետո, ինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունն անցյալ շաբաթ հաստատեց դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը, գրում է «The Times of Israel»-ը։

Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին ատյանի դատարանի շենք՝ իրենց աջակցությունը ցույց տալով դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի նախկին արդարադատության նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը։

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ ցույցերը շարունակվում են արդեն 30 շաբաթ։ Քննադատները պնդում են, որ Նեթանյահուն փորձում է դատական բարեփոխումներն օգտագործել իր դեմ հնարավոր վճիռները տապալելու համար, մինչդեռ կառավարությունը պնդում է, որ դատական բարեփոխումներն անհրաժեշտ են իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը պահելու համար։

Անցած երկուշաբթի՝ հուլիսի 24-ին Նեթանյահուն և կոալիցիայի նրա գործընկերները հաստատեցին բարեփոխումների փաթեթի առաջին օրինագիծը՝ այսպես կոչված «խելամտության օրենքը»․ այն արգելում է դատավորներին մերժել կառավարության այն որոշումները, որոնք դատարանը ոչ խելամիտ կհամարի։

Օրենքի դեմ միջնորդություններ են ներկայացվել Գերագույն դատարան։ Սեպտեմբերին գործը կքննի 15 դատավորից կազմված կոլեգիան։

Փաթեթի հաջորդ օրինագիծը, որ Նեթանյահուն մտադիր է հաստատել, կառավարությանը թույլ կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ դատավորների նշանակման գործում։

Իսրայելում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են իրականացրել դատական բարեփոխումների դեմ