Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, որը հնարավորություն է տալիս վիճարկել հայ-ադրբեջանական սահմանը, իսկ հետո տարածքային պահանջներ ներկայացնել․ Փաշինյան
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում Ղարաբաղի ժողովրդին աջակցության համար Ղարաբաղ է ուղարկվել 361 տոննա հումանիտար օգնություն, որը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ:
Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը, կոպտորեն խախատելով Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը, ինչպես իրենք են ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է։
«Հունիսի 15-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինի արգելափակում է հումանիտար բեռների մուտքը ԼՂ: Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հայկական կողմի ռազմական սադրանքն է: Այնինչ, այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ արժանանալով ՀՀ սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը»», - հիշեցրեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ինքնակամ ու հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման:
«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով «Խաղաղության պայմանագիր» ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին: Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, որը հնարավորություն է տալիս վիճարկել հայ-ադրբեջանական սահմանը, իսկ հետո տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախորդ օրը սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի՝ Euronews-ին տված հարցազրույցում՝ հայտարարելով, թե, իբրև, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի և սահմանները որոշված չեն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններեը որոշվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով և այն վերահաստատվել է Պրահայի քառակոզմ հանդիպման արդյունքներով», - հիշատակեց վարչապետը։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։
Ըստ նրա՝ այս դեպքում սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։
«Իլհամ Ալիևը Եվրոնյուզին տրված հարցազրույցում ասաց, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, որ չի արգելափակել միջանցքը», - եզրափակեց վարչապետը։










