ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կատարել ԱՄԴ-ի որոշումները և բացել Լաչինի միջանցքը

11:49 • 03.08.23

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։

Գուտերեշի անունից տարածված հայտարարությունում ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը։

«Նա (խմբ․՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների հետ», - նշված է հայտարարությունում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է տեղում (խմբ․ Լեռնային Ղարաբաղում) հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումներով և կոչ է անում «անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքի մեջ գտնվող մարդկանց հումանիտար օգնության մատակարարումը» թույլ տալու համար։ 

«Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության», - ասված է հայտարարությունում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կատարել ԱՄԴ-ի որոշումները և բացել Լաչինի միջանցքը