Բոլոր հնարավոր սցենարները կան օրակարգում․ Տիրան Հակոբյանը՝ մետաղաձուլարանը Երասխից  տեղափոխելու լուրերի մասին

16:11 • 03.08.23

Երասխում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում ո՛չ  հերքեց, ո՛չ հաստատեց շրջանառվող խոսակցությունները, թե մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել անվտանգ վայր՝ ամենայն հավանակությամբ Արարատ քաղաքին հարող հատված։

«Չենք մեկնաբանում այդ լուրերը, հենց վերջնական հաստատված որոշում լինի, հայտարարությամբ հանդես կգանք»,- կարճ արձագանքեց տնօրենը։

Այնուամենայնիվ, ճշտեցինք՝  օրակարգում նման հարց կա՞ և այն հիմա քննարկման փուլո՞ւմ Է, Տիրան Հակոբյանը պատասխանեց․ «Բոլոր հնարավոր սցենարները կան օրակարգում, հնարավոր զարգացումների բոլոր սցենարները քննարկվում են, այդ թվում նաև Երասխից մետաղաձուլարանի չտեղափոխման հարցը»։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու հնդիկ աշխատող էր վիրավորվել։

Հավելենք, որ հունիսի 20–ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեին, որ ամերիկյան դրոշի ներկայությունը զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նկատմամբ, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է թիրախի տակ պահել մետաղաձուլարանը՝ կաթվածահար անելով կառուցապատման աշխատանքները։

 

Բոլոր հնարավոր սցենարները կան օրակարգում․ Տիրան Հակոբյանը՝ մետաղաձուլարանը Երասխից  տեղափոխելու լուրերի մասին