Մոսկվայի դատարանը Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում

19:53 • 04.08.23

Մոսկվայի քաղաքային դատարանը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին  ծայրահեղականության գործով դատապարտել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում։ Այս մասին հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը։

Մոսկվայի քաղաքային դատարանը նոր գործը քննել է Վլադիմիրի շրջանի թիվ 6 գաղութում տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ, փակ դռների հետևում՝ գործընթացի մասնակիցների անվտանգության համար։

Նավալնին մեղավոր է ճանաչվել «ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և այլ հանցագործությունների համար»։ Դատախազը պահանջել էր նրան 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։

Գործով մեկ այլ անձ է Դանիել Խոլոդնին՝ Նավալնիի YouTube-ի ալիքներից մեկի նախկին տեխնիկական տնօրենը։ Նա մեղադրվում է «ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և ծայրահեղական համայնքին մասնակից լինելու համար»։ Նրա համար դատախազը 10 տարի էր խնդրել ընդհանուր ռեժիմի գաղութում։

Անցյալ տարվա մարտին Մոսկվայի Լեֆորտովսկի շրջանային դատարանը նրան, նախորդ գործի հետ համատեղ, դատապարտել էր 9 տարվա ազատազրկման «խարդախության ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար»։ Գործի երկրորդ դրվագը վերաբերում էր դատավոր Վերա Ակիմովային վիրավորելուն, որը վճիռ էր կայացրել «Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Իգնատ Արտեմենկոյին զրպարտելու համար». դատավարության արդյունքներով Նավալնին տուգանվել էր 850 հազար ռուբլով:

Ընդդիմադիր գործիչն իր նկատմամբ տեղի ունեցողը որակում է որպես «քաղաքական հետապնդում»։

Մոսկվայի դատարանը Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում