Սանավիացիան ծանր վիճակում երեխա է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

16:10 • 04.08.23

Նախօրեին Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան բախվել է ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել է և վնասվածքներ ստացել։ Երեխան նախ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

«Տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում է ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։

Այսօր արդեն երեխան շնչում է ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը, նկատվում է դրական դինամիկա։ Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։

Բախման հետևանքով ձիավարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Սանավիացիան ծանր վիճակում երեխա է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ