42-ամյա տղամարդուն դանակահարած 17-ամյա պատանին է ձերբակալվել

15:31 • 05.08.23

Օգոստոսի 3-ին, ժամը 22.06-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել Ծովագյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ կարգախումբը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի հարակից լողափում Տավուշի մարզի Բերդ բնակավայրի բնակիչ մի խումբ երիտասարդների և հիվանդանոց տեղափոխված տղամարդու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Բերդի բնակիչ 17-ամյա պատանին դանակահարել է 42-ամյա ծովագյուղցուն»:

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Ոստիկանության Սևանի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխվել 17-ամյա պատանին և վիճաբանության երեք մասնակիցները: Բաժնում 17-ամյա պատանին տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է դանակով հարվածել և մարմնական վնասվածք պատճառել 42-ամյա տղամարդուն, իսկ ձերբակալվածներից մեկն էլ խոստովանական ցուցմունք է տվել, որ բռունցքով հարվածել է 42-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

17-ամյա պատանին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

42-ամյա տղամարդուն դանակահարած 17-ամյա պատանին է ձերբակալվել