Aquatek Sport Complex-ում մերժել են, իսկ «Ջրաշխարհ»-ում՝ թույլ տվել, սակայն բացօթյա լինելու պատճառով ծնողները չեն համաձայնվել. նոր մանրամասներ միջադեպից

11:29 • 07.08.23

Վանաձորից Երևան ժամանած թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը ջրային տարածք ոչ թե «Ջրաշխարհ»-ն է արգելել, այլ՝ Aquatek Sport Complex համալիրը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց Հասմիկ Սողոմոնյանը, որը երեխաներից մեկի տատիկն է, և միջադեպի մասին ահազանգել էր ֆեյսբուքում։

Հասմիկ Սողոմանյանի խոսքով՝ թյուրմացություն է տեղի ունեցել․ ասում է՝ գրառման մեջ նշել է «Ջրաշխարհ»-ի անունն առանց իմանալու, որ այն և Aquatek Sport Complex-ը տարբեր ժամանցի կենտրոններ են։

«Դեպքը պատահել է Aquatek Sport Complex-ում, որտեղ մերժում ստանալուց հետո, երեխաները մոտեցել են «Ջրաշխարհ», սակայն, այստեղ ջուրը բաց է և արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ երեխաների յուրահատկություններից ելնելով՝ ծնողները չեն համաձայնվել «Ջրաշխարհ»-ից օգտվել, դրա համար էլ խոսելուց հետո չեն գնացել»,- մանրամասնեց միջադեպի մասնակից երեխաներից մեկի տատիկը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ ծնողները, կամավորների հետ նախապես զանգել են Aquatek Sport Complex և պայմանավորվել։ Համալիրից ծնողներին հայտնել են, որ երեխաներին կես գնով մտնելու հնարավորություն կտրվի, մուտքը կլինի 2500 դրամ։

«Կամավորները եկել են, հասել Aquatek, բայց պարզվել է, որ պետք է վճարեն 4000 դրամ։ Ներկա ծնողներից մեկն արձագանքել է, որ մեկ շաբաթ առաջ իր հաշմանդամություն ունեցող երեխան ընտանիքի հետ միասին իրենց ժամանցի կենտրոնից օգտվել է անվճար՝ ընտանիքի անդամների համար վճարել են, բայց հաշմանդամություն ունեցող երեխայի համար՝ ոչ։ Կանչել են տնօրենին, վերջինս էլ կամավորների հետ միասին մտել է ջրային տարածք ցույց տվել, որ հաճախորդները շատ են և ասել, որ ներկա մարդիկ կխանգարեն ձեր երեխաներին, իսկ երեխաներ էլ սայլակներով կխանգարեն մարդկանց»,- փոխանցեց Վանաձորի բնակչուհին։

Երեխայի տատիկին վրդովեցրել է ոչ թե վճարովի համակարգից օգտվելու հարցն, այլ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ցուցաբերած տհաճ վերաբերմունքը։

Հասմիկ Սողոմոնյանը նշեց, որ երեխաները հուսախաբ չեն եղել, երեխաների աջակցության կենտրոնի շնորհիվ կարողացել են այլ լողավազան գնալ և իրենց օրը տոն դարձնել։

Հիմա նրան մեկ հարց է մտահոգում՝ «Ուզում եմ իմանալ Aquatek-ի տնօրենը, որ մերժել է այդ երեխաներին, կարո՞ղ է հիմա նայել նրանց աչքերի մեջ և ասել՝ դուք իրավունք չունեք մտնել լողավազան, որովհետև դուք տարբեր եք»։

Պարզաբանում ստանալու նպատակով Tert.am-ը փորձեց կապ հաստատել նաև Aquatek Sport Complex-ի հետ, սակայն չհաջողվեց, տնօրենը տեղում չէր, և հեռախոսազնգերին էլ չէր պատասխանում։

Կապ հաստատելու դեպքում պատրաստ ենք նաև միջադեպի հետ կապված նրանց մեկնաբանությունը հրապարակել։

Հիշեցնենք՝  ավելի վաղ համացանցում աղմուկ էր բարձրացրել օգտատեր  Հասմիկ Սողոմանյանի  գրառումը, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն արգելվել է, ասել են, թե «մյուսներին կխանգարեն»:

Սկանդալի կենտրոնում հայտնված «Ջրաշխարհից» էլ պարզաբանել են, որ երկու երիտասարդ և մեկ պատանի մոտեցել են իրենց թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու, բայց տղաները հեռացել են ու այդպես էլ չեն վերադարձել:

Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս առնչությամբ հայտարարել է, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:

Aquatek Sport Complex-ում մերժել են, իսկ «Ջրաշխարհ»-ում՝ թույլ տվել, սակայն բացօթյա լինելու պատճառով ծնողները չեն համաձայնվել. նոր մանրամասներ միջադեպից